ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՒՈՒՇԻ ԹԵՄԻ

Տէր Բագրատ եպիսկոպոս Գալստանեան, (ծնուել է՝ Մայիսի 20, 1971), Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն։

Ծնուել է 1971 թ. մայիսի 20-ին Գիւմրիում: Ծնողները պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գիւղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ. ներգաղթում եւ հաստատւում են Գիւմրիում, ապա՝ 1977-ին տեղափոխւում Երեւան:

1978 – 1988 թթ. սովորել է Երեւանի թիվ 156 դպրոցում։

1988 – 1994 թթ. ուսանել է Գէորգեան Հոգեւոր Ճեմարանում:

1994 թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջեանի կողմից ձեռնադրուել է սարկաւագ։

1995 թ. գերազանց առաջադիմութեամբ աւարտում է ճեմարանը, պաշտպանում «Խոսրով Եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» վերտառութեամբ աւարտաճառ։

Գէորգեան հոգեւոր ճեմարանն ավարտելուց յետոյ նոյն թուականի Յուլիսի 23-ին, այդ տարի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրուել է կուսակրօն քահանայ։

Ձեռնադրուելուց յետոյ մինչեւ 1998 թ. եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գաւազանակիրը։

1996թ. նշանակուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտօնական ամսագրի գլխաւոր խմբագիր։ Միաժամանակ նշանակուել է նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան եւ քարոզչութեան կենտրոնի փոխտնօրեն՝ ուսուցիչների վերապատրաստութեան ծր

ագրեր վարելով Արմաւիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանում: Հայաստանում քրիստոնէական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։

1996-1998 թթ. նաեւ Սուրբ Պատարագի մեկնութիուն, Շարականագիտութիւն եւ Ընդհանուր Եկեղեցու պատմութիւն է դասաւանդել Գէորգեան Հոգեւոր Ճեմարանում եւ Վազգէնեան դպրանոցում:

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Յարութեան Աստուածաբանական քոլեջում: Ուսանելու տարիներին եղել է նաեւ Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդութիւն եկեղեցու այցելու հովիւը։

1996-2000թթ. եղել է Հայաստանում Քրիստոնէության պետական կրօն հռչակման 1700-ամեակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։ 2000 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինութեամբ նշանակուել է Սեւանի Վազգէնեան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտօնում դասաւանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմութիւն, Յովհաննու Աւետարանի մեկնութիւն, Եկեղեցական երաժշտութիւն առարկաները։ Հիմնադրել է Վազգէնեան դպրանոցի «Լուսաւորիչ» երգչախումբը։

2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թէզը եւ ստանում մասնաւոր վարդապետութեան 4 աստիճանները։

2002 թ. տեսչի պաշտօնին զուգահեռ նշանակուել է նաեւ Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատուութեան եւ Հասարակական կապերի գրասենեակի տնօրէն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ։ Հիմնադրել եւ վարել է «Ճանաչենք Աւետարանը» հաղորդաշարը։

2002թ.-ին զուգահեռաբար նշանակուել է նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդութեան կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ եւ երգչախումբ, ընդարձակել եւ վերակազմաւորել է թեմի Քրիստոնէական Դաստիարակչութեան կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել։

2003 թ. Մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամաւորական ժողովում ընտրուել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ։ Նույն թուականի Յունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տօնին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրուել է եպիսկոպոս։ Առաջնորդութեան տարիներին բարեգործութեան ն

պատակով հիմնում է «Հայ տուն» կազմակերպութիւնը՝ անօգնական տարեցներին եւ հիվանդներին օգնելու, ինչպես նաեւ Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմաւորում երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ եւ այլն։

2012 թ. Մոնրէալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստուածաբանության եւ կենսաբանական բարոյագիտութեան դոկտորական թէզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական եւ աստուածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով։

2013 թ. վերադարձել է Հայաստան։ Նոյն տարուանից հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէնը։

2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբէթ II-ի ադամանդեայ յոբելեանի մեդալին։

Հրատարակել է բազմաթիւ աստուածաբանական, հասարակական, քարոզախօսական, մշակութային յօդուածներ, «Խոհեր» հոգեւոր-խորհրդածական գրքոյկը։

2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը նշանակուել է Տաւուշի թեմի առաջնորդ։

2015 թ. Սեպտեմբերի 21-ին Բագրատ եպիսկոպոսի նախաձեռնութեամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միութեան անդրանիկ հաւաքը, կազմավորուել է Երիտասարդաց միութեան Կենտրոնական խորհուրդ։

«Իջեւան» հեռուստաընկերութեան եթերում հեռարձակուել է նրա հեղինակային «Աստուածաշունչը մեր կեանքում» հաղորդաշարը։

Տաւուշում իրականացուել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրեայ դպրոցներ են բացուել Տաւուշի 43 համայնքներում։

2017 թ. Յուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ Բագրատ Սրբազանը նշանակուել է Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ:

Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը պարբերաբար այցելում է սահմանապահ զօրամասեր, համայնքներ, իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր։