ՎԵՆԵՏԻԿ, 27 Փետրուար, 2020 / 9:00 (ACI Stampa):

Հաւատք, գործք, մշակութային էկումենիզմ: Կարդինալ Կոխը գրում է հայերին։

Առաջին անգամ ողջ աշխարհի հայկական համայնքների ներկայացուցիչները հաւաքուել էին Վենետիկում հասկանալու, թէ ինչպէս Աստծոյ պատգամը հասցնել այսօրուայ մտացրիւ աշխարհին: Կարդինալ Կոխի ուղերձը

 

Մխիթարեան Միաբանութեան հիմնադիր՝ Մխիթար Աբբահօր առանձնայատկութիւնը մշակութային էկումենիզմն էր: Եւ, ըստ Քրիստոնեաների Միասնութեան Խթանման Քահանայապետական Խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի, դա էր նաեւ աշխարհի հայկական համայնքների ներկայացուցիչների առաջին հանդիպման առանձնայատկութիւնը:

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարեան Միաբանութեան նստավայրում, ամենահին քրիստոնեայ ազգի գրեթէ յիսուն ներկայացուցիչներ հանդիպեցին քննարկումներ անցկացնելու «Հաւատք եւ գործք» թէմայի շուրջ՝ համընդհանուր հայկական ինքնութեան սահմանների ներսում առաջադրելով գաղափարներ եւ մշակելով նախագծեր:

Առաջին անգամն է, որ տեղի է ունենում նման հանդիպում, որն անմիջականօրէն առնչւում է Հռոմում վերջերս հիմնուած` Հայ Առաքելական Եկեղեցու Հայրապետական Պատուիակութեան հետ, յանձինս պատուիրակ, Սուրբ Աթոռում «դեսպան»` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի: Եւ դա մի հանդիպում է, որն ինքնաբերաբար ստանում է էկումենիկ բոյր, քանի որ նոյնանում է Մխիթարի գործի հետ, եւ նաեւ, քանի որ Հայրապետական պատուիրակութիւնը այդ հանդիպմանը ներգրաւեց Քրիստոնեաների Միասնութեան Խթանման Քահանայապետական խորհրդին: Եւ ահա այս համատեքստում է յղւում կարդինալ Կուրտ Կոխի ուղերձը:

Կարդինալ Կոխը ցանկացել է ընդգծել նախաձեռնութեան եւ Մխիթարեան Միաբանութեան միջեւ կապը, յիշեցրել է, թէ ինչպէս Պօղոս Զ․ Մխիթարին անուանեց «համատիեզերական առաքելութեան բացառիկ եւ իսկական գործիք», եւ ընդգծել է, որ Մխիթարը համոզուած էր, որ «հոգեւոր վերածնունդը անբաժանելի է մշակութային վերածննդից», այնքան, «որ Սուրբ Ղազարը դարձաւ մշակոյթի դարբնոց. – հոգեւորութեամբ ողողուած մի մշակոյթ եւ ուղենիշ ողջ աշխարհի հայերի համար», դրանով իսկ խթան դառնալով «հայ մշակոյթին՝ սեփական ինքնութիւնը նորովի ներկայացնելու, նորովի բացայայտելու, նորովի իմաստաւորելու համար»։

Հետեւաբար պատահական չէր, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնուող հայերը որոշեցին հանդիպել Սուրբ Ղազար կղզում: Մարդասիրական եւ բարեգործական ոլորտի մօտ յիսուն մասնակիցները՝ ակադեմիկոսներ, քահանաներ, կամաւորներ, լրագրողներ, գրողներ, արուեստագէտներ, հասարակական եւ բարեգործական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ են։

 

«Աւելի ու աւելի մտացրիւ մի աշխարհում, որտեղ մեծ քաղաքներում կորչում են ինքնութիւնն ու կրօնական իմաստը, մտածեցինք, որ անհրաժեշտ է հանդիպել եւ վերսկսել մեր ընդհանուր ինքնութիւնից, – «ACI Stampa»-ին ասաց միջոցառման կազմակերպիչ Վարդան Կարապետեանը:

Քննարկումները բաժանուել են չորս թէմատիկ նիստերի, կենտրոնանալով թուային դարաշրջանում գոյութիւն ունեցող հաւատի եւ մեծ քաղաքներում առկայ հաւատի վրայ: Սա է ապագայի մարտահրաւէրը՝ հաշուի առնելով, որ առաջիկայ քսան տարում աշխարհի բնակչութիւնը կը կենտրոնանայ մեգապոլիսներում, եւ, արդէն այսօր, հայերի 90% -ը ապրում է մեծ քաղաքային հարթակներում:

Սուրբ Ղազար կղզու ընտրութիւնը խորհրդանշական է, քանի որ «ԺԸ․ դարից ի վեր Սուրբ Ղազարում տեղակայուած Մխիթարեան Միաբանութիւնը հաւատքի եւ գործքի փոխկապակցուածութիւնը սերնդէսերունդ փոխանցելու գործնական օրինակ է:

Մխիթարեան Միաբանութեան գործը խարսխւում է երեք հիմնասիւների վրայ, որոնք են. սէր ուսման հանդէպ, անգնահատելի մշակութային ժառանգութեան պահպանում եւ էկումենիկ գործելակերպի տարածում եւ հռչակում ժամանակակից պայմաններում:

Հաւատքն ու մշակոյթը, – գրել է Կարդինալ Կոխն իր ուղերձում,  անքակտելի են: Այս իմաստով Մխիթարի էկումենիզմը օրինակ է այն բանի, ինչը կարելի է անուանել «մշակութային էկումենիզմ»: Նա իր աշխատութիւնում կատարել է մի համադրում, կամ աւելի ճիշտ մի բան, որը մենք այժմ կ՛անուանէինք «նուէրների փոխանակում» կամ «շնչել երկու թոքերով» արտայայտութիւններով, ներկայացնելով հայկական աւանդոյթի վանական իմաստութեան-աստուածաբանութեան եւ արեւմտեան համակարգուած աստուածաբանութեան, ինչպէս նաեւ հայ եւ դասական արեւմտեան մարդասիրական գաղափարախօսութիւնների միջեւ զուգակցութիւնը:

 

Մխիթարի օրինակը քրիստոնէական համայնքների համար ամենադժուար մարտահրաւէրին դիմակայելու ուղեցոյց է հանդիսացել, այն է՝ արտայայտել սեփական հաւատքը աշխարհիկացած հասարակութիւններում:

Գիտաժողովի աւարտին քննարկուեցին կատարուելիք գործնական քայլերը, որոնք քրիստոնէական համայնքին կարող են թոյլ տալ ինքնարտայայտուելու: Յոյսն այն է, որ Փետրուարի 7-8-ի հանդիպումը դառնայ աւելի   ու աւելի   կոնկրետ ու ամենամեայ համաժողով՝ հաւատն ու գործերը համատեղելու նպատակով: